National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.12.2008
Ազգային ժողովը քննարկեց Երեւանի մասին օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 25-ին  Ազգային ժողովը շարունակեց նախորդ օրն սկսված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկումը:

Մինչ երկրորդ ընթերցմամբ քննարկմանն անցնելը, պատգամավորների քննարկմանն էին ներկայացվել մի քանի հոդվածներ` առաջին ընթերցման ընթացակարգով, որոնց վերաբերյալ էլ պատգամավորներն իրենց հարցերը ուղղեցին պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ապա հնչեցրին իրենց տեսակետները: 

Հովհաննես Մարգարյանի կարծիքով` սա այն եզակի օրենքներից է, որը զարգացնելու է տեղական ինքնակառավարման ինստիտուտը: Անդրադառնալով կատարված փոփոխություններին, պարոն Մարգարյանը հատկապես ողջունելի համարեց  քաղաքապետի` պատվիրակված լիազորությունների սահմանափակման եւ դրանց հստակեցման վերաբերյալ հոդվածները: Արմեն Մարտիրոսյանը քննարկվող օրինագծի որոշ հոդվածների վերաբերյալ բացասական վերաբերմունք ունենալով` իր առաջարկությունները ներկայացրեց: Լարիսա Ալավերդյանն էլ կարծում է, որ օրինագծում ավելացված հոդվածները սահմանափակում են ավագանու իրավունքները, նրա համար անընդունելի է քաղաքապետի ընտրության մոդելը: Իր, ապա եւ «Ժառանգություն» խմբակցության տեսակետները ներկայացրեց Ստյոպա Սաֆարյանը: Նա իրազեկեց, որ խմբակցության կարծիքը օրինագծի վերաբերյալ բացասական է` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման սկզբունքների հետ: Խմբակցության անդամները կարծում են, որ թեեւ օրինագծի վերաբերյալ տարբեր տրամաչափի քննարկումներ եղան, այնուամենայնիվ այն չբարելավվեց: Նա նշեց, որ խմբակցության 10 առաջարկություններից ընդունվել են երկուսը, այն էլ` մասամբ: Խմբակցությունը մասնավորապես դեմ է այն դրույթին, ըստ որի, ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից եւ մտնել այլ խմբակցություն: «Ժառանգություն» խմբակցության անդամների կարծիքով` անհրաժեշտ է մշակել ավագանու անդամի ետկանչի մեխանիզմ, ինչպես նաեւ սահմանել դրույթ, որն ընդդիմության ներուժը հնարավորինս օգտագործելու երաշխիքներ կտա: Ըստ նրա` կատարված փոփոխությունների նպատակը ընդդիմության իրավունքների սահմանափակումն է:

Առաջին ընթերցմամբ քննարկվող հոդվածների վերաբերյալ  հնչած քննադատություններին անդրադարձավ գլխադասային հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա` ընդդիմադիր պատգամավորների ելույթների մի մասն իրոք կառուցողական բնույթի է, երկրորդ մասի նպատակը  քարկոծելն է եւ լավը չտեսնելու ցանկությունը: Անհիմն համարելով բազմաթիվ դիտողություններ, Դավիթ Հարությունյանը նշեց հայ իրականության մեջ առաջին անգամ ամրագրվող ինստիտուտի առկայությունը, այն է` քննող հանձնաժողովի ստեղծման գաղափարը ընդդիմության պահանջով: Ըստ նրա, սա առաջադեմ մոտեցում է, քանի որ հանձնաժողովը, որի նախագահին եւս կարող է առաջադրել ընդդիմությունը, անդրադառնալու է մայրաքաղաքի ամենակարեւոր հարցերին: Ըստ նրա, կատարված փոփոխությունները առաջադիմական են եւ պիտանի: 

Հնչած դիտողություններին անդրադարձավ եւ պարզաբանումներ տվեց նաեւ հիմնական զեկուցող տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, նշելով այն փոփոխությունները, որոնք բարելավել են օրինագիծը եւ համապատասխանեցրել եվրոպական չափանիշերին: 

 Օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իրենց տեսակետները  ներկայացրին այն պատգամավորները, ում առաջարկները չէին ընդունվել կամ ընդունվել էին մասամբ: Վիկտոր Դալլաքյանը կարծիքով, Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվի ուղղակի ընտրությամբ` երեւանցիների կողմից, անհատ քաղաքացին էլ պիտի իրավունք ունենա առաջադրվել` առանց որեւէ կուսակցության անդամ լինելու կամ որպես անկուսակցական որեւէ կուսակցության ցուցակում ընդգրկվելու: Լիլիթ ալստյանն անդրադարձավ իր չընդունված առաջարկներին` հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը: 
 
 Օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին «Ժառանգություն», «Օրինաց երկիր», ՀՅԴ  եւ ՀՀԿ խմբակցությունները:
 
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին, որի որոշ դրույթներ մտահոգում են խմբակցությանը: Ըստ խմբակցության, ներկայացված առաջարկությունների գերակշիռ մասը չի ընդունվել, ինչը իրենց հիմք է տալիս մտածելու, թե ընտրվել է սահմանափակումների ճանապարհը:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացնող Արծրունի Աղաջանյանը, կարեւորելով օրինագիծը, ողջունելի համարեց կատարված լրամշակումները եւ տեղեկացրեց, որ խմբակցության դիրքորոշումը դրական է եւ իրենք կողմ են քվեարկելու:

 ՀՅԴ խմբակցության կարծիքը ներկայացրեց Արտյուշ Շահբազյանը, նշելով, որ խմբակցությունը որոշ դրույթների վերաբերյալ ունեցել է վերապահումներ եւ ներկայացրել դիտողություններ, որոնք ամբողջությամբ  չեն ընդունվել: Չնայած այս հանգամանքին, պարոն Շահբազյանն ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված տարբերակին, քանի որ այն շատ անհրաժեշտ է եւ բավականին մշակված:

ՀՀԿ խմբակցության դրական եզրակացությունը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Նա անդրադարձավ օրինագծում ամրագրված նորամուծություններին` դրանք համարելով նոր հիմնաքարեր, որոնք նպաստավոր են լինելու երկրի եւ տեղական ինքնակառավարման զարգացման համար:  Թվարկելով կատարված փոփոխությունները, պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված նախագծին:
 Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը պարզաբանեց, թե ինչից ելնելով են ընդունվել կամ մերժվել արված դիտողությունները: Նա շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկման համար եւ նշեց, որ օրինագծի վերաբերյալ արված առաջարկներին հետագայում եւս կանդրադառնան:
 Ապա պատգամավորներն անդրադարձան կառավարության ներկայացրած սոցիալական ոլորտի օրինագծերի առաջին ընթերցմամբ քննարկմանը:

 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կից  օրենսդրական փոփոխություններ նախատեսող փաթեթով: Ինչպես նշեց պարոն Համբարձումյանը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները կատարվում են ի նպաստ կենսաթոշակառուների: Կլուծվեն բազմաթիվ խնդիրներ` կապված կենսաթոշակների ստացման, ձեւակերպման եւ այլ հարցերի հետ:

 Օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: 

 ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը պատգամավորների քննարկմանը առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում ներառել նաեւ շենքերի եւ շինությունների հետազննությունը: Ըստ նախարարի, 2004-2007 թվականներին 4801 օբյեկտից 1658-ի շինարարությունը կատարվել է առանց շինարարական որակի տեխնիկական հսկողության,  մնացած 54 տոկոսի դեպքում շինարարական որակի տեխնիկական հսկողությունը կատարվել է ոչ մասնագետների միջոցով: Այս օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ապա ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը առաջին թնթերցմամբ քննարկման առաջարկեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որի նպատակը, ինչպես ասաց նա, ձեռներեցության զարգացումն է: Մասնավորապես, դյուրացվում են առեւտրային կազմակերպության հիմնադրման մեխանիզմները, պարտադիր չի լինելու կանոնադրական կապիտալի առկայությունը: Օրինագծի վերաբերյալ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ՀՀ արդարադատության նախարար եւԳեւորգ Դանիելյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, նշելով, որ առաջարկներ չեն ստացվել: Այս հարցի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: 

 Առավոտյան նիստում խորհրդարանը քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: Պատգամավորներն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակեն դեկտեմբերի 26-ին:



18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am